вторник, 1 февраля 2011 г.

ԼԵԴԱՆ ԵՎ ԿԱՐԱՊԸ

Լուսանկար -
Leda and the Swan, copy by Cesare Sesto after a lost original by Leonardo, 1515-1520, Oil on canvas, Wilton House, England (from Wikipedia)
Ըստ հունական առասպելաբանության Հիպոկոոնը իր թագավորությունից արտաքսում է հռչակավոր հերոս Տինդարևսին: Երկար թափառումներից հետո նա ապաստան է գտնում Էտոլիայի արքա Թեստիասի մոտ, որը նրան համակրելով կնության է տալիս իր դստերը՝ Լեդային: Լեդան ունենում է չորս զավակ, որոնցից մեկը չքնաղագեղ Հեղինեն էր (Прекрасная Елена): Հեղինեն համարվում է Զևսի դուստրը: Ըստ առասպելի Զևսը Լեդայի հետ միավորվել է լինելով կարապի կերպարանքի մեջ: Այդ միավորումից ունեցած ձվից էլ դուրս է եկել չքնաղագեղ Հեղինեն: Բայց կա նաև մի այլ պատում, ըստ որի մի հովիվ գտնում է այն ձուն, որ աստվածուհի Նեմեսիդայի և Զևսի սիրո միավորումից էր ստացվել: Ըստ պատումի Լեդան միայն պահպանել է այդ ձուն: Հետո երբ ձվից դուրս է եկել չքնաղագեղ աղջիկը, Լեդան իր երեխայի նման սիրել և դաստիարակել է նրան:

Սակայն Լեդայի և Զևսի վերսիան ոգեշնչել է շատ նկարիչների ու քանդակագործների: Միջնադարում այս թեման ավելի արտահայտվում է մանրանկարչության մեջ, վերածննդի դարաշրջանում՝ գեղանկարչության ու քանդակագործության, մեր ժամանակներում՝ գեղանկարչության նաև լուսանկարչության մեջ: Լեդայի և Կարապի թեմային անդրադարձել են   Լեոնարդոն, Միքելանջելոն, Կորրեջոն, Վերոնեզեն, Ռուբենսը, Սեզանը, Դալին, Վալլեջոն, Կալմակովը, Դուբինինը, Իկարտը և էլի շատերը:

Տրոյան քայքայվեց, բայց մինչև օրս բոլոր կանայք, որ քայլում են այդ ափերով փնտրում են իրենց Կարապին, իսկ տղամարդիկ՝ Լեդային:
Զբոսնելով Երևանի փողոցներով, եթե հայտնվեք 19-րդ դարում կառուցված այս շենքի մոտ,  որ գտնվում է Հյուսիսային պողոտայի շրջակայքում (Պուշկին Տերյան խաչմերուկ,), շենքի փորագրանախշերը ձեզ կհիշեցնեն այս առասպելի մասին:


* Ն. Ա. Կուն, Հին Հունաստանի լեգենդներ ու առասպելներ
* Мифы народов мира, Энциклопедия, Москва, 1991

вторник, 25 января 2011 г.

Կարմիր կամուրջ

Ընկերներով հավաքված էինք: Խոսակցությունը պտտվում էր հին Երևանի շուրջը: Նայում էինք հին քաղաքի լուսանկարները և ափսոսանք ապրում, որ չենք կարողացել պահպանել քաղաքի հին կոլորիտը ու կարծես առանձնապես չենք էլ մտածում դրա մասին: Ընկերներից մեկը հարցրեց, թե մեզանից ո՞վ է տեսել Կարմիր կամուրջը: Բոլորը  փախցրեցին իրենց մեղավոր հայացքները: Պայմանավորվեցինք հաջորդ իսկ առավոտ իջնել Հրազդանի ափ՝ դեպի Կարմիր կամուրջ:
Տարիներ առաջ Հրազդան գետի վրա երեք կամուրջ է եղել կապված՝ մեկը Ձորագյուղում, մյուսը Քանաքեռի տակ, երրորդը Բերդի մոտ: Կարմիր կամրջի պատմությունը կապված է եղել Երևանի Բերդի պատմության հետ: Այս երեք կամուրջներից միակ պահպանվածը Կարմիր կամուրջն է, որ մինչև վերջին տարիները դեռ կապում էր Հրազդանի մի ափը մյուս ափին: Ցավոք այսօր դեպի Բերդ(կոնյակի գործարան) տանող մի մաս արդեն քանդվել է:Կամուրջի անցյալի կառուցման ժամանակի և տեսքի մասին մենք ոչինչ չգիտենք, բայց հայտնի է, որ երկրաշարժից Բերդն ու Կամուրջը իսպառ ավիրվել են և 1679թ. նորից շինվել է Զալ խանի ձեռքերով, իսկ հետո արդեն կամուրջը մի քանի անգամներ միայն վերանորոգվել է: Կամուրջը երևանցիներին հայտնի է երկու անունով՝ Կարմիր կամուրջ և Խոջա-փլավի կամուրջ: Կարմիր, որովհետև կարմիր քավանգից է շինված և Խոջա-փլավի, որովհետև այդ անունով մի մեծահարուստ հայ հետագայում եղել է կամուրջը վերաշինողներից մեկը: Կարմիր կամուրջը ունի չորս կամար, որի մեջտեղի ավելի մեծ երկու կամարների տակից հոսել է գետը: Կարմիր Խոջա-փլավի կամուրջը իր ճարտարապետական ձևով համապատասխանում է Հայաստանի շատ տեղերում պահպանված կամուրջների տիպին:
Երբ հասանք Կարմիր կամրջին ու իջանք ներքև միանգամից աշխուժացանք, սկսեցինք նկարվել, նույնիսկ մի քանի կանաչ լոլիկ քաղեցինք, որ անհասկանալի ձևով աճել էին քարերի մեջ, կամրջի տակ: Մենք որոշեցինք դրանցից թթու դնել որպես պատմական լոլիկներ ու երբ պատրաստ լինեն հավաքվել ճաշի սեղանի շուրջ: Հետո բոլորս հանդարտվեցինք:Նստած
կամրջի տակ, վայելում էինք ջրի հանգստացնող ձայնը, նայում կարմիր քարերին և ո՞վ գիտե գուցե մեզնից յուրաքանչյուրն այդ պահին մտածում  էր Երևանի պատմության ու իր նախնիների մասին: Իսկ գետը հոսում էր իր հետ տանելով նաև մեր այդ օրվա պատմությունը: