вторник, 25 января 2011 г.

Կարմիր կամուրջ

Ընկերներով հավաքված էինք: Խոսակցությունը պտտվում էր հին Երևանի շուրջը: Նայում էինք հին քաղաքի լուսանկարները և ափսոսանք ապրում, որ չենք կարողացել պահպանել քաղաքի հին կոլորիտը ու կարծես առանձնապես չենք էլ մտածում դրա մասին: Ընկերներից մեկը հարցրեց, թե մեզանից ո՞վ է տեսել Կարմիր կամուրջը: Բոլորը  փախցրեցին իրենց մեղավոր հայացքները: Պայմանավորվեցինք հաջորդ իսկ առավոտ իջնել Հրազդանի ափ՝ դեպի Կարմիր կամուրջ:
Տարիներ առաջ Հրազդան գետի վրա երեք կամուրջ է եղել կապված՝ մեկը Ձորագյուղում, մյուսը Քանաքեռի տակ, երրորդը Բերդի մոտ: Կարմիր կամրջի պատմությունը կապված է եղել Երևանի Բերդի պատմության հետ: Այս երեք կամուրջներից միակ պահպանվածը Կարմիր կամուրջն է, որ մինչև վերջին տարիները դեռ կապում էր Հրազդանի մի ափը մյուս ափին: Ցավոք այսօր դեպի Բերդ(կոնյակի գործարան) տանող մի մաս արդեն քանդվել է:Կամուրջի անցյալի կառուցման ժամանակի և տեսքի մասին մենք ոչինչ չգիտենք, բայց հայտնի է, որ երկրաշարժից Բերդն ու Կամուրջը իսպառ ավիրվել են և 1679թ. նորից շինվել է Զալ խանի ձեռքերով, իսկ հետո արդեն կամուրջը մի քանի անգամներ միայն վերանորոգվել է: Կամուրջը երևանցիներին հայտնի է երկու անունով՝ Կարմիր կամուրջ և Խոջա-փլավի կամուրջ: Կարմիր, որովհետև կարմիր քավանգից է շինված և Խոջա-փլավի, որովհետև այդ անունով մի մեծահարուստ հայ հետագայում եղել է կամուրջը վերաշինողներից մեկը: Կարմիր կամուրջը ունի չորս կամար, որի մեջտեղի ավելի մեծ երկու կամարների տակից հոսել է գետը: Կարմիր Խոջա-փլավի կամուրջը իր ճարտարապետական ձևով համապատասխանում է Հայաստանի շատ տեղերում պահպանված կամուրջների տիպին:
Երբ հասանք Կարմիր կամրջին ու իջանք ներքև միանգամից աշխուժացանք, սկսեցինք նկարվել, նույնիսկ մի քանի կանաչ լոլիկ քաղեցինք, որ անհասկանալի ձևով աճել էին քարերի մեջ, կամրջի տակ: Մենք որոշեցինք դրանցից թթու դնել որպես պատմական լոլիկներ ու երբ պատրաստ լինեն հավաքվել ճաշի սեղանի շուրջ: Հետո բոլորս հանդարտվեցինք:Նստած
կամրջի տակ, վայելում էինք ջրի հանգստացնող ձայնը, նայում կարմիր քարերին և ո՞վ գիտե գուցե մեզնից յուրաքանչյուրն այդ պահին մտածում  էր Երևանի պատմության ու իր նախնիների մասին: Իսկ գետը հոսում էր իր հետ տանելով նաև մեր այդ օրվա պատմությունը: